Ընտրական օրենսգրքի նախագծում նոր մեխանիզմներ են գտնվել շնորհիվ այն քննարկումների, որոնք տեղի են ունենում վերջին շրջանում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ԸՕ նախագծի համահեղինակ  Դավիթ Հարությունյանը:

«Բերեմ մի քնաի օրինակ: Բազմիցս քննարկվել է այն հարցը, որ քվեարկությանը մասնակցած անձանց ստորագրված ցուցակները չպետք է հրապարակվեն, դա Վենետիկի հանձնաժողովի պահանջն է: Մյուս կողմից կար մեկ այլ պահանջ՝ բոլոր նրանք, որոնք շահագրգիռ են, նրանց համար այց ցուցակը պետք է հասանելի լինի: Առաջարկված մեխանիզմը լուծում է այդ հարցը: Մասնավորապես, հենց նույն տեղամասում, առանց անգմ ամփոփելու ընտրության արդյունքները, ցուցակները տպվում են համարներով, թե ովքեր են մասնակցել, որպեսզի շահագրգիռ կողմերը կարողանան այդ տվյալները օգտագործեն: Սա մեկ օրինակ է, բայց կան բազում այլ օրինակներ»,-նշեց Հարությունյանը:

Ինչ վերաբերում է նույն անձի կողմից կրկնաքվեարկության մտահոգությանը, Դավիթ Հարությունյանը նշեց, որ այս հարցում եւս առաջարկել են մեխանիզմ: «Ընտրության մասնակիցները հանձնում են իրենց մատնահետքերը, հետո բոլոր այդ մատնահետքերը ամբողջ երկրով մեկ հավաքվում են եւ սկսում են իրար հետ համեմատվել»,-ասաց նա՝ հավելելով, որ բոլոր այդ մեխանիզմները նտապակը մտահոգությունները փարատելն է:

Հարցին, թե ընդդիմության պահանջներից որ կետն է, որ միարժեքորեն ընդունվել է, նախագծի համահեղինակը պատասխանեց. «Նպատակը ոչ թե մեխանիզմն ընդունել է, այլ հասկանալը, թե որն է մտահոգության առարկան: Մենք փորձելով հասկանալ մտահոգության առարկան, առաջարկել ենք լուծումներ այդ մտագոհությունը փարատելու համար: Այլ խնդիր, որ այդ հարցը բարձրացնողները շարունակում են պնդել, որ ընդունվի հենց իրենց առաջարկածը, որը միշտ չէ լավագույն լուծումը»:

Ինչ վերաբերում է ընտրատեղամասում տեսանկարահանմանը, Դավիթ Հարությունյանն ասաց, որ եթե լինի դոնոր կազմակերպություն, որը կօգնի լուծել այդ խնդիրը, իրենք կողմ կլինեն դրան մի քանի նախապայմաններով. «Մենք նշում ենք, որ տեսախցիկները ոչ թե դոնոր կազմակերպությունը պետք է տեղադրի, այլ մասնագիտացված կառույց, որը պետք է ընտրվի գնումների ընթացակարգով: Նաեւ առաջարկում ենք, որ չլինի ուղիղ հեռարձակում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հաշվարկներով դա կարող է բերել նրան, որ կապը ընդհատվի եւ դա կասկածի առարկա կարող է դառնալ: Մենք առաջարկում ենք այլ մեխանիզմ. Ոչ թե ուղիղ հեռարձակում, այլ տեսնկարահանում, եւ ցանկացած քաղաքական ուժի, դիտորդի կամ լրատվամիջոցի պահանջով այդ նկարահանման պատճենը տրամադրվի: