Որեւէ փաթեթ Սերգեյ Լավրովը չի բերել եւ տարածքների հետ կապված հարց նրա այցի ժամանակ չի քննարկվել: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Բանակցությունների մասին մենք տեղեկացրինք Լավրովի հետ մամլո ասուլիսի ժամանակ, որևէ գաղտնի բան չկա: Ադրբեջանի լայնածավալ ագրեսիվ ռազմական գործողությունների հետևանքով բանակցություններին լուրջ վնաս է հասցվել, և եռանախագահների, միջազգային հանրության հետ համատեղ պետք է ջանքեր գործադրենք, որ բանակցություններին, խաղաղ կարգավորմանը հասցված այդ հարվածը հնարավոր լինի հաղթահարել: Չնայած շատ դժվար է հաղթահարել, որովհետև կան զոհեր, իսկ դա անվերականգնելի է։ Եվ միջազգային հանրությունն այսօր դրանով է զբաղված, որպեսզի հնարավոր լինի Ադրբեջանին կարգի հրավիրել և բերել կառուցողական դաշտ, որպեսզի հնարավոր լինի բանակցությունները շարունակել, քանի որ բանակցություններին այլընտրանք չկա»,-նշել է Նալբանդյանը:

Հարցին, թե ի՞նչ փաթեթ էր բերել Լավրովը, ԱՊ նախարարը պատասխանել է. « Փաթեթ գոյություն չունի, և Լավրովը դրա մասին հայտարարեց, և շինծու ինչ-որ հարցեր պետք չէ տալ: Ասեկոսեների, բամբասանքների հիման վրա վերլուծություններ և եզրակացություններ պետք չէ անել։ Լավրովն ինքը հայտարարեց, որ այսօր ջանքերը պետք է ուղղված լինեն հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, վստահության միջոցների ձեռնարկմանը, որպեսզի հնարավոր լինի ապահովել կայունությունը և անվտանգությունը տարածաշրջանում, ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել բանակցությունները շարունակելու նպատակով»:

Իսկ փոխզիջումների, տարածքներ հանձնելու մասին խոսք գնացե՞լ է, հարցին էլ արձագանքել է. «Այդպիսի բան չի քննարկվել Լավրովի այցի ժամանակ»: