Բանակցությունների սեղանին այս պահին հարցեր են, որոնք վերաբերում են 1994 եւ 1995 թվականներին հաստատված հրադադարի ռեժիմի ամրապնդմանը: Այս մասին ապրիլի 24-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Նա ասել է, որ խոսքը ԵԱՀԿ Մինսկի համանախագահների 2011-ին արած առաջարկությունների մասին է՝ դիպուկահարների դուրսբերում, միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրում, եթե անհրաժեշտ է՝ նաեւ համապատասխան սարքավորումների տեղադրում: «Մի խոսքով շատ պարզ է: Եթե կրակում են, ի՞նչ բանակցությունների ու ի՞նչ փաստաթղթերի մասին կարող է խոսք լինել»,- ասել է Շավարշ Քոչարյանը:

Վերջին ժամանակներս, շարունակել է փոխնախարարը, հրադադարի անընդունելի խախտումները ասես ավանդույթ են դարձել, սա վերաբերում է նաեւ ապրիլի 2-5-ը ռազմական գործողությունների վերսկսմանը: «Ես պետք է հիշեցնեմ, որ հրադադարի մասին 1994-ի համաձայնագրում ամրագրված է, որ կողմերը ոչ միայն համաձայնության են եկել կրակը դադարեցնելու հարցի շուրջ, այլեւ համաձայնել են վերջ տալ ռազմական գործողություններին: Թե՛ հրադադարի ռեժիմի խախտումները, թե՛ ռազմական գործողությունների վերսկումը անընդունելի են»,- ամփոփել է Քոչարյանը: