Այսօր մեր օրակարգում մի կարեւոր հարց կա, դա սպառազինության հարցն է: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, լրագրողների հետ զրույցում ասել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

«Օրակարգում կարեւոր մեկ հարց կա, դա միայն  սպառազինության հարցն է: Մեր թշնամին խաղաղ բանակցությունների  ճանապարհը չի  հասկանում եւ միայն զենքի ուժով է փորձում լուծում տալ խնդրին, եւ թշնամու հետ պետք է խոսել իր  լեզվով»,-ասել է Սասունյանը՝ շեշտելով, որ հայկական կողմն ամեն ինչ պետք է անի զենք ձեռք բերելու համար:

«Եթե ղեկավարությունն ուզենա, միջոցներ կգտնի լուծելու բանակի սպառազինության հարցը, եթե կամքը լինի, լուծումը կլինի: Եթե կամք լինի, վստահ եմ՝ հազար ձեւեր կան փողեր ու վարկեր ստանալու համար»,-ընդգծել է Սասունյանը: Նա ասել է,  որ տեղեկություններ ունի, որ  արդեն որոշ զենքեր ձեռք են բերվել եւ առաջիկայում  կլինեն Արցախում:

«Իմ աշխատանքը միայն քաղաքական վերլուծություններով չի սահմանափակվում, ես «Հայաստան-Արցախ» հիմնադրամի նախագահն եմ, մենք այս քառօրյա պատերազմի օրերին մեծ քանակով դեղորայք ենք ուղարկել Արցախ, եւ հաջորդ օդանավը Արցախ կհասնի ապրիլի 25-ին: Մենք բոլորս հայ ենք՝ սփյուռքահայերը, թե Հայաստանի հայերը, բոլորս պետք է միանանք մի բուռ դառնանք ու պաշտպանենք Արցախը, մեր հողերը, մեր զինվորներին եւ սպառազինենք մեր բանակը: Ամեն ինչ պետք է անենք, որ զենքեր ձեռք բերենք, որ թշնամին այլեւս  երկրորդ անգամ չմտածի հարձակման մասին:  Մեր թուլությունը քաջալերանք է թշնամու համար, որ երկրորդ անգամ հարձակվի:  Մենք ոչ մեկին տալու բան չունենք, ոչ մի թիզ հող չունենք թշամուն տալու»,-իր խոսքն է ամփոփել Հարութ Սասունյանը: