Ռուսաստանի Սամարայի մարզում աղմկոտ սպանություն է կատարվել. անհայտ անձինք հարձակվել էին սիզրանյան ոստիկանության նախկին ղեկավար, ոստիկանության գնդապետ Անդրեյ Գոշտի տան վրա` սպանելով նրան եւ ընտանիքի եւս հինգ անդամի:
«Այս առավոտ Սամարայի մարզի Սիզրանյան շրջանի Իվաշովկա գյուղում հայտնաբերվել է երեք տղամարդու եւ երեք կնոջ մարմին` բռնի մահվան նշաններով», — տեղեկացնում է շրջանի քննչական կոմիտեն:
Գերատեսչության տվյալներով, 7-ամյա աղջիկը ողջ է մնացել: Նրան հիվանդանոց են հասցրել ծանր վիճակում, հայտնում է «Ռոսբալտը»:
«Սկզբնական դատաբժշկական քրեաբանական փորձաքննություններ են նշանակվել», — ասված է հաղորդագրության մեջ: Մահացու վերքերի բնույթը չի նշվում:
Որպես վարկածներից մեկը, քննարկվում է ավազակային հարձակումը:
Գոշտից բացի, մահացել են նրա հայրը, մայրը, եղբայրը, եղբոր կինը եւ զարմուհին, գրում է «Փոքրիկ Սիզրանը»: Իրավապահ մարմիններում աղբյուրների խոսքով, վիրավոր աղջիկը` Սոֆյան գանգուղեղային վնասվածքով գտնվում է վերակենդանացման բաժնում: Ընտանիքի սպանված անդամների մարմինները հայտնաբերել է Անդրեյ Գոշտի եղբայրը:
Տուժած աղջկա համար Սամարայից նյարդավիրաբուժության սանավիացիա է կանչվել: Աղջկան կտեղափոխեն մարզային մանկական հիվանդանոց, հայտնում է LifeNews-ը:





























