Թուրքիայի իշխանությունների կողմից մենք մշակութային ու քաղաքական ճնշումների ենք ենթարկվում: Այս մասին այսօր՝ Ծիծեռնակաբերդում NEWS.am-ի հետ զրույցում ասել է Դերսիմի հայերի հավատքի և փոխօգնության միության նախագահ Միհրան Փրկիչ Գյուլթեքինը:

«Դերսիմահայերը Հայոց ցեղասպանության ցավն ապրում են այնպես, ինչպես բոլոր հայերը եւ ամեն ջանք պետք է գործադրենք, որ Ցեղասպանությունն ընդունվի Թուրքիայի կողմից: Ցեղասպանության ճանաչման խնդիրը մեր երեխաներին չպետք է թողնենք.... Թուրքիայի իշխանությունների կողմից մենք այսօր էլ մշակութային ու քաղաքական ճնշումների ենք ենթարկվում:  Մեզ թուրքերը Դերսիմում որպես վիրավորանք ասում են՝ դու հայ ես, սա հոգեբանական ճնշում է»,-ասել է Միհրան Փրկիչ Գյուլթեքինը:

Նա  ցեղասպանության շարունակություն է համարել  ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանցիների՝  Արցախի խաղաղ բնակիչների սպանությունը, զինվորների մարմինների խոշտանգումները: «Այս վայրագությունները ցույց տվեցին, որ սա նույն ցեղասպանության շարունակությունն է եւ Ադրբեջանը համագործակցում է Թուրքիայի հետ, սա  Թուրքիայի ձեռագիրն է»,-նշել է նա: