Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում չի նշանակում անպայման բանակցությունների միջոցով հարցը լուծել։ Միջազգային հանրությունը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Այս մասին ապրիլի 25-ին՝ մամուլի ասուլիսին, ասել է ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը ոչ միայն ձախողվել է ռազմաճակատում, այլ նաեւ ինչ-որ տեղ տապալել է բանակցությունները։ «Վերջին մարտերից հետո Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղին հեռու պահել բանակցություններից։ Ադրբեջանը դժգոհ է բանակցային գործընթացից, քանի որ դրանց հիմքում դրված է ազգերի ինքնորոշման կարեւոր սկզբունքը։ Այդ պատճառով Բաքուն փորձում է տապալել բանակցությունները»,- նշեց Մանոյանը՝ հավելելով, որ մոտ ապագայում բանակցություններ սպասել պետք չէ։





























