Պետք է հարկային վարչարարությունը խստացնել, ոչ թե մարդկանցից խլել ունեցվածքն ու ուղարկել բանակ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը` անդրադառնալով հանրության այն պնդումներին, որ գործարարներն ու պաշտոնյաները պետք է իրենց դղյակները վաճառեն ու գումարը տրամադրեն սպառազինությանը:

«Խլել մարդկանցից ունեցածը, դա վատագույն ճանապարհն է, այդպիսի բան որեւէ պետության մեջ պետք չի թույլ տալ: Դա նշանակում է կտրել այն ճյուղը, որի վրա նստած եք, դա նշանակում է, որ այլեւս աշխատատեղեր չի լինի, քանի որ այդ նույն գործարարներն են ապահովում աշխատատեղեր , որից մուտքագրումներ են լինում բյուջե, իսկ բյուջեից բանակին»,-ընդգծել է Նիկոյանը:

Իշխող կուսակցության  պատգամավորը նշել է, որ նման առաջարկները վտանգավոր են պետության համար: