Ապրիլի 1-24-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Շահումյան շրջանում վերաբնակեցվելու համար դիմել են Հայաստանի Հանրապետության շատ քաղաքացիներ: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Շահումյան շրջանի Սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Նորիկ Աստվածատրյանը:
Նրա խոսքով, ապրիլի 26-ին, Արմավիրի մարզից Շահումյան շրջանի Զուար գյուղ է տեղափոխվելու 1 ընտանիք: «Ապրիլի ընթացքում շատ զանգեր ենք ստացել, արդեն վաղը Արմավիրից 1 ընտանիք ՝ 3 երեխա, 2 մեծահասակ, կտեղափոխվեն Զուար գյուղ: Նրանց տրվել է վերաբնակչի կարգավիճակ, տուն, նաեւ շինանյութ ենք տրամադրում, որպեսզի, եթե ինչ-որ բան չհավանեն՝ կարողանան իրենց ցանկությամբ տունը վերանորոգել: Զուարը շատ հարմար է գյուղատնտեսությամբ, առեւտրով եւ անասնապահությամբ զբաղվելու համար»,-ասաց Նորիկ Աստվածատրյանը:
Ավել վաղ Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման բաժնի պետ Ռոբերտ Մաթեւոսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ ապրիլի սկբզին տեղի ունեցած քառօրյա պատերազմից հետո շատ ընտանիքներ են դիմել Արցախի գյուղերում վերաբնակեցվելու խնդրանքով՝ ապրիլի սկզբից մինչեւ այսօր Քաշաթաղում վերբնակեցվել է արդեն 14 ընտանիք:





























