Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով ապրիլի սկզբին առաջնագծում զոհված եւ վիրավոր երեւանաբնակ զինծառայողների ընտանիքների խնդիրներին, աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետին հանձնարարել է ուսումնասիրել տվյալ ընտանիքների առաջնային սոցիալական կարիքները եւ ներկայացնել դրանք՝ համապատասխան նպատակային աջակցություն ցուցաբերելու նպատակով:
«Այս օրերին շատ է խոսվում առաջնագծում զոհված եւ վիրավոր մեր զինծառայողների ընտանիքների խնդիրների մասին, բայց քչերն են փորձում ուսումնասիրել նրանց առաջնային կարիքները: Այս առումով, նախ եւ առաջ հանգամանալից ուսումնասիրեք եւ գնահատեք երեւանաբնակ այդ ընտանիքների առաջնային կարիքները, ինչը հնարավորություն կտա յուրաքանչյուրի մասով ցուցաբերել անհատական մոտեցում», - ընդգծել է քաղաքապետը:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալներ Վահե Նիկոյանին եւ Արամ Սուքիասյանին էլ հանձնարարել է քննարկել Երեւան քաղաքի 2016թ. հաստատված բյուջեի մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների վերանայման հնարավորությունը:
«Կարող է որոշակի ֆինանսական աջակցության անհրաժեշտություն առաջանալ: Ու հաշվի առնելով, որ Երեւան քաղաքի տարեկան ծրագիրն ու դրա ֆինանսական բաշխվածությունը նախօրոք սահմանված է, փորձենք վերանայել մասնավորապես մշակութային միջոցառումների համար նախատեսված բյուջետային միջոցները, որպեսզի անհրաժեշտության դեպքում սատար կանգնենք այդ ընտանիքներին», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ֆինանսական միջոցների վերանայման շրջանակում քաղաքապետը հանձնարարել է հաշվի առնել նաեւ ԼՂՀ կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների կողմից համապատասխան դրամական փոխանցում կատարելու հնարավորությունը:
Աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանն էլ հանձնարարվել է ուսումնասիրել առաջնագծում զոհված երեւանաբնակ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմաններն ու քաղաքապետարանի առկա հնարավորությունների սահմանում ներկայացնել հնարավոր առաջարկներ:
«Նրանց հարգանքի տուրք մատուցելու եւ սխրանքներն անմահացնելու համար այն դպրոցներում, որտեղ նրանք սովորել են, պետք է ստեղծվեն մերօրյա հերոսների անկյուններ», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:



























