Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հոբելյանին նվիրված ֆիլմի համար հարցազրույց տալով` Ժիրինովսկուն աներեւակայելիորեն տաղանդավոր մարդ է կոչել:
Լավրովի խոսքով, նա «իր անկրկնելի ոճն է բերել»: «Կարելի է չհամաձայնել նրա հետ, բայց նա մշտական ընտրազանգված ունի եւ մշտական աջակցություն, նախ եւ առաջ` իր այն դիրքորոշումների, որոնք ելնում են Ռուսաստանը համաշխարհային քաղաքականության մեջ երկրորդական դերերի «մղելու» անթույլատրելիությունից», — հավելել է նախարարը:
Լավրովը Ժիրինովսկուն աներեւակայելիորեն տաղանդավոր մարդ է կոչել` լայն մտահորիզոնով եւ խորը էրուդիցիայով: «Դա ընդունում են նույնիսկ նրանք, ովքեր նրա հետ կտրականապես համամիտ չեն քաղաքական հարցերի վերաբերյալ: Չնայած արտահայտվելու յուրօրինակ ոճին, նա շատ լավ է տիրապետում փաստերին, փայլուն հռետոր եւ բանավիճող է», — ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Գերատեսչության ղեկավարը նշել է, որ քաղաքական գործչի շատ կանխատեսումներ իրոք իրականանում են: Նրա կարծիքով, դա Ժիրինովսկու կողմից պատմության խորը իմացության արդյունք է, հայտնում է ՏԱՍՍ-ը:




























