Պատանի հայրենակիցների Երկրորդ համաշխարհային խաղերին մասնակցում են պատանիներ, որոնք ներկայացնում են հակամարտող երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Աբխազիան, Հարավային Օսեթիան: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Պատանի հայրենակիցների երկրորդ համաշխարհային խաղերի կազմկոմիտեի համանախագահ Օթարի Արշբան, հայտնում է NEWS.am–ի հատուկ թղթակիցը Սոչիից:
Արշբայի խոսքով, երեխաները պետք է Սոչիից հեռանան բարեկամության գաղափարով՝ վստահությամբ, որ միշտ կարելի է պայմանավորվել ու լեզու գտնել: «Այս երեխաները եկել են իրենց տուն, իսկ տանը մարդիկ չեն վիճում: Սա երկխոսության հրաշալի հնարավորություն է, շատ կարեւոր է, որ նրանք կարողանան լեզու գտնել իրար հետ: Մենք ուզում ենք, որ երեխաները այստեղից հեռանան՝ հասկանալով, որ միշտ ավելի լավ է խոսել, քան կրակել»,- ասել է Արշբան՝ նշելով, որ քաղաքական գործիչները ստեղծում են խոչընդոտներ, իսկ միջոցառման կազմակերպիչների նպատակը երեխաներին միավորելն է :
«Մեզ համար շատ կարեւոր է նրանց հաղորդակցությունը: Երեխաները որոնք ծանոթանում են սպորտի միջոցով, թարգմանիչների կարիք չունեն: Գլխավոր խնդիրը ոչ թե նրանց արդյունքներն ու հաղթանակներն են, այլ այն, որ նրանք կճանաչեն իրար ու մեր երկիրը»,- հայտնել է խաղերի գլխավոր դատավոր, Պետդումայի պատգամավոր, Դպրոցական սպորտի համառուսական ֆեդերացիայի նախագահ, օլիմպիական եռակի չեմպիոն Իրինա Ռոդնինան:




























