Ռուսաստանը կցանկանար, որ Սիրիայի նոր սահմանադրության մշակումը ավելի քիչ տեւեր, քան ՄԱԿ-ի նախանշած վեցամսյա ժամկետը, սակայն դրա համար պետք է չշխկացնել դռները ու կեցվածք չընդունել, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր եթովպացի գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքներով տված մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վեցամսյա ժամկետը նախանշել էր Սիրիայի աջակցության միջազգային խմբի առաջարկով «որպես ուղեցույց»: «Մենք բոլորս կցանկանայինք, որ այդ գործընթացը ավելի քիչ տեւեր, ու որ ավելի շուտ ունենայինք նոր սահմանադրություն, որը կարելի է հանրաքվեի դնել»,- ասել է նա:

«Բայց վեց, հինգ ու առավել եւս չորս ամսում պայմանավորվելու համար պետք է չշրխկացնել դուռը ու նեղացածի կեցվածք չընդունել, ինչպես արեցին «էր ռիադյան» խմբի որոշ պատվիրակներ»,- պարզաբանել է Լավրովը, հավելելով՝ «չնայած ըստ էության այդ խմբի վրա վճռորոշ ազդեցություն ունի Թուրքիան, ու դա հայտնի փաստ է»:

Լավրովը նաեւ նշել է, որ սիրիական ընդդիմության բանակցությունների հարցերով Գերագույն հանձնաժողովը չի կատարում ՄԱԿ ԱԽ-ի պահանջները: «Պետք չէ նման բանակցությունների գալ վերջնագրերով, պետք է նստել ու պայմանավորվել, հենց դա է պահանջվում բոլոր սիրիացիներից՝ ՄԱԿ ԱԽ բանաձեւերի համապատասխան: Ակնհայտ է, որ բանակցությունների Գերագույն հանձնաժողով կոչվող մարդկանց այդ խումբը չի կատարում ՄԱԿ գերագույն մարմնի պահանջները»,- նշել է նախարարը:

Ընդ որում Լավրովը հայտնել է, որ Ժնեւում միջսիրիական բանակցություններում ոչ մի ընդմիջում չի եղել, դրանք շարունակվում են: «Բանակցություններում իրավիճակը կարող էր շատ ավելի լավ լինել, եթե ընդդիմության պատվիրակություններից մեկը չլքեր Ժնեւը՝ ճիշտ է իր իսկ հայտարարությամբ՝ ժամանակավորապես»,- ասել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: