Ապրիլի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը դեսպան Սվիտալսկուն ներկայացրեց տեղեկատվություն ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողությունների եւ շփման գծում ներկայումս տիրող իրավիճակի վերաբերյալ:

ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց քառօրյա ռազմական գործողությունների դադարեցման մասին բանավոր պայմանավորվածության անտեսմամբ ադրբեջանական զինուժի կողմից շփման գծում սադրանքների շարունակման հանգամանքի վրա: Այս համատեքստում Սեյրան Օհանյանը կարեւորեց ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում եւ հայ-ադրբեջանական պետական սահմանին վստահության ամրապնդման մեխանիզմների, ինչպես նաեւ հրադադարի պահպանման կարողությունների շուտափույթ ներդրման, իրավիճակը սրող եւ նախահարձակ կողմին միջազգային հանրության կողմից հասցեագրված դատապարտման հրամայականը:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր: Սեյրան Օհանյանը կարեւորեց Հայաստանի պետական կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես` մարդու իրավունքների եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում Եվրամիության կողմից ցուցաբերվող օժանդակությունը` հույս հայտնելով, որ ՀՀ եւ ԵՄ միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը եւ բոլոր հնարավոր ոլորտներում իրականացվող ակտիվ երկխոսությունը կունենա շարունակական բնույթ:

Դեսպան Սվիտալսկին իր հերթին բարձր գնահատեց անվտանգության եւ պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության հետ իրականացվող շփումների կարեւորությունը, վստահություն հայտնելով, որ առկա են այդ հարաբերությունները խորացնելու եւ որակական նոր մակարդակի տեղափոխելու բոլոր նախադրյալները: