Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը ձախողելու նպատակ է հետապնդում: Այս մասին ապրիլի 26-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի ԳԱԱ-ի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով, այդ գործողությունները համաձայնեցված են Թուրքիայի հետ: «Կարծում եմ, Ադրբեջանի ղեկավարությունը որոշել է նոր մարտավարություն ընտրել: Այն ինչ կատարվել է ու շարունակվում է, պատահական չէ: Ադրբեջանի ղեկավարությունը որոշել է ճնշում գործադրել հայկական կողմերի վրա ու դա անում է ռազմական միջոցներով: Ըստ էության մենք ամեն օր բախվում ենք ագրեսիայի կրկնության հետ»,- նշել է Սաֆրաստյանը:
Ադրբեջանն ու Թուրքիան, շարունակել է նա, որոշել են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը չի բխում Բաքվի շահերից: «Նրանք փորձում են ձախողել գործընթացը ու նոր ձեւաչափ պարտադրել, որի հիմքում Անկարայի մասնակցությունն է միջնորդական գործունեությանը: Դա բխում է նաեւ Թուրքիայի մոտեցումներից»,- շեշտել է Ռուբեն Սաֆրաստյանը: Հայկական կողմերը, հավելել է փորձագետը, պետք է պատրաստ լինեն Ադրբեջանի նոր մարտավարությանը հակազդելու մոտեցումներ մշակելուն:





























