2016թ. ապրիլի 17-ին նշանակված՝ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրության նախօրեին զանգվածային լրատվամիջոցներում՝ էլեկտրոնային լրատվական կայքերում եւ տպագիր մամուլում հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի կողմնակիցները բնակչության շրջանում ընտրակաշառք են բաժանել, եւ որպես հավաստող տվյալներ ներկայացվել են տարբեր անձանց հարցազրույցներ պարունակող տեսանյութեր:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ բացի այդ, 2016թ. ապրիլի 12-ին քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանից ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում ընտրակաշառք բաժանելու մասին, իսկ 2016թ. ապրիլի 17-ին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ Ն.Փաշինյանը երկու հաղորդում է ներկայացրել, որոնցում հղում է կատարել համացանցում հրապարակված տեսանյութերին:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ լրատվամիջոցների  հրապարակումներում եւ Ն.Փաշինյանի հաղորդումներում հղում արված տեսանյութերում պատկերված տարբեր անձինք հայտնել են քաղաքապետի թեկնածու Ա.Դանիելյանի օգտին կողմ քվեարկելու դիմաց անհայտ անձանց կողմից իրենց գումար տալու կամ գումար խոստանալու մասին:

2016թ. ապրիլի 17-ին՝ Հրազդանի քաղաքապետի ընտրության օրը եւ դրան նախորդող օրերին թեկնածուի օգտին կողմ քվեարկելու պայմանով կաշառք ստանալու եւ նույն նպատակով անհայտ անձանց կողմից կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: