Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Իսմայիլ Կահրամանը առաջարկել է նոր սահմանադրության մեջ ամրագրել իսլամի դերը:

«Նախ նոր սահմանադրությունը պետք է ազատվի սեկուլյարիզմից: Այն պետք է ուշադրություն դարձնի կրոնին, պետք է կրոնական լինի»,- ասել է Կահրամանը, մեջբերում է Reuters գործակալությունը

Ավելի վաղ նա արդեն հայտարարել էր, որ ներկա սահմանադրությունը փաստացի կրոնական է, քանի որ պետական կարգավիճակ է հաղորդում իսլամական տոներին «չնայած Ալլահի մասին սահմանադրության մեջ ուղիղ հիշատակում չկա»:

Կահրամանը պատասխանատու է լինելու երկրի նոր մայր օրենքի սեւագիր տարբերակի ստեղծման համար: Արդարության ու զարգացման իշխող կուսակցությունը, որի անդամ է Կահրամանը, մեջլիսում միայն 317 տեղ ունի 550-ից, մինչդեռ օրինագիծը համազգային հանրաքվեում ներկայացնելու համար պետք է 330 խորհրդարանականների աջակցությունը: Սա նշանակում է, որ նրանք ստիպված են լիենլու ներգրավել նաեւ ընդդիմադիր միավորումներին, սակայն դա կարող է այդքան էլ հեշտ չլինել, նշում է Lenta-ն:

«Աշխարհիկ հասարակարգը հասարակական խաղաղության հիմնական հենասյունն է: Այն ամրագրված է սահմանադրության մեջ որպեսզի յուրաքանչյուրը դավանանքի ազատություն ունենա, Իսմայիլ Կարահմա՛ն»,- գրել է իր Twitter–ում Ժողովրդական -հանրապետական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլուն: