Ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը ադրբեջանաղարաբաղյան հակամարտ ուժերի շփման գծում հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման արդյունքում մահացու վիրավորում ստացած 24-ամյա պայմանագրային զինծառայող Տիգրան Մխիթարի Պողոսյանը Շիրակի մարզի Հոռոմ գյուղից էր:

Հոռոմի գյուղապետ Աշոտ Պասկեւիչյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ Տիգրան Պողոսյանը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Արցախում:

Տիգրան Պողոսյանը ընտանիքի կրտսեր զավակն էր: Նրա ավագ եղբայրը աշխատում է ոստիկանությունում: Հայրը՝ Մխիթար Պողոսյանը, մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, մայրը տնային տնտեսուհի է:

Նշենք, որ ապրիլի 25-ին եւ լույս 26-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում հակառակորդը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 80 անգամ` օգտագործելով իր զինանոցում գտնվող գրեթե բոլոր տիպի հրետանային միջոցները եւ զրահատեխնիկա, մասնավորապես` 60 (26 արկ), 82 (75 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 (7 արկ), ՀՀՆ-9 (2 արկ)  ու  ՀԱՆ-17 տիպի նռնականետ (3 արկ), ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (200 կրակոց), TR-107 տիպի ռեակտիվ հրթիռային կայանք եւ տանկ:

ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնել էին, որ բացի մարտական հենակետերից, հակառակորդը ՄՄ-21 (Գրադ) կայանքից արկակոծման է ենթարկել Մարտակերտ բնակավայրը (14 արկ): Հրետանային կրակ է վարվել նաեւ Մատաղիսի ուղղությամբ (8 արկ):

Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման արդյունքում` մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Տիգրան Մխիթարի Պողոսյանը (ծնվ. 1992թ.) եւ Արամ Նիկոլայի Առուշանյանը (ծնվ. 1972թ.):