«Մեր փոխզիջումը ոչ թե հինգ «գրավյալ» տարածքներն են, այլ Մադրիդյան սկզբունքների ամբողջական համալիրը, որտեղ մենք ներկայանում ենք որպես ինքնիշխանության համար պայքարող ժողովուրդ»: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
«Մենք ասել ենք, որ գնում ենք փոխզիջման եւ ասում ենք, որ մեր փոխզիջումը ոչ թե հինգ «գրավյալ» տարածքներն են, այլ այն Մադրիդյան սկզբունքների ամբողջական համալիրը, որտեղ մենք ներկայանում ենք ինքնիշխանության համար պայքարող ժողովուրդ: Մենք չենք պայքարում ձեր հողերի համար, մենք պայքարում ենք մեր խաղաղ ինքնիշխան պետության համար»,-նշել է Նաղդալյանը:
Նրա խոսքով, երբ աշխարհն ընդունի Արցախի անկախությունը, հողերը չեն ուզի: «Երբ կընդունվի կարգավիճակի մասին որոշում եւ աշխարհը կընդունի Ղարաբաղի անկախությունը, մենք ձեր հողերը, կամ էն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում, սա մեր բուֆերային գոտին է եւ մեր անվտանգության երաշխիքն է: Ուզում եմ ասել` նաեւ դրսում երբեմն օգտագործում են Մադրիդյան սկզբունքներից առանձնացված ինչ որ մի բան, ում ինչպես ձեռնտու է, բայց Մինսկի խմբի համանախագահները վերջին 5 տարվա հայտարարությունների ու քննարկումների ընթացքում ուշադրությունը սեւեռում են դրա վրա, որ այդ սկզբունքները համալիր են եւ իրար հետ պիտի հաստատվեն ու ընդունվեն եւ դրանց մեջ չկա որեւէ մեկը, որը գերակա է»,-ասել է Նաղդալյանը:



























