ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը վերջին նստաշրջանում իրենց աշխատանքն արդյունավետ է գնահատում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, Ազգային ժողովում հրավիրված ասուլիսի ժամանակ նշել են պատվիրակության ներկայացուցիչները:

Հարցին, թե ինչպե՞ս է արտահայտվելու իրենց արդյունավետ աշխատանքը, պատվիրակության անդամ, ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես վստահեցնում եմ, որ առաջիկայում Եվրոպայի խորհրդի տարբեր ազգերի պատվիրակություններ իրենց հստակ դիրքորոշումը կարտահայտեն Ադրբեջանի կողմից կատարվածի մասին՝ այն որակելով «ռազմական հանցագործություն», ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի առանձին ազդեցիկ պատգամավորներ իրենց հստակ դիրքորոշումը կհայտնեն տեղի ունեցածի վերաբերյալ՝ կոչ անելով միջազգային այն կառույցներին, որոնք իրավասու են տալ ռազմական հանցագործ ձեւակերպումը, Ադրբեջանը ճանաչել ագրեսոր երկիր եւ ռազմական հանցագործ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը: Պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն էլ անդրադառնալով ԵԽԽՎ նախագահ Պեդրո Արգամունտի ադրբեջանամետ վարքագծին՝ նշել է, որ իրենք չէ, որ պիտի դաստիարակեն 70-ամյա մարդուն:

«Ես չեմ հիշում նման մի իրավիճակ, որ ԵԽԽՎ նախագահը գրավոր եւ բանավոր լիագումար ու բյուրոյի նիստի ժամանակ լսի նման կշտամբանքներ ու գնահատականներ իր գործունեության վերաբերյալ, ինչպես Ագրամունտը եւ չարձագանքի դրան: Ինչ վերաբերում է իր հետ մեր հանդիպմանը, ապա նա փորձում էր նոր կամուրջ ստեղծել, այսինքն՝ իրեն ուղղված կշտամբանքներից ու մեղադրանքերից դուրս գալ ու գնալ նոր իրավիճակի: Մենք էլ պատասխանեցինք, որ նախ եւ առաջ մեր սպասելիքն այն է, որ իր քայլերով պիտի ստեղծի իր անձի նկատմամբ վստահություն, որից հետո կարող ենք խոսել այն մասին, որ ԵԽԽՎ-ում վստահություն ստեղծելու ուղղությամբ քայլեր կատարենք Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունենրի հետ կապված»,-նշել է Նաղդալյանը: