Հայաստանը ռազմական անվտանգության ամրապնդման խնդիր ունի, մինչդեռ պետբյուջեի չափով գումար գրպանվում է արտոնյալ անձանց կողմից: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

«Մեր բանակը քիչ զենք ունի, որովհետեւ արտոնյալ մարդիկ Կառավարության որոշումներով միլիոնավոր դոլարներ են ստանում, մի բյուջեի չափ գումար գրպանվում է: Եթե երկրի կառավարման վիճակը լավացվի, բյուջեն կմեծանա, մենք կկարողանանք տարեկան 500 մլն դոլարի զենք գնելու նպատակով լրացուցիչ մուտքեր անենք: Սրան գումարելով մեր զինվորականների նվիրվածությունը եւ անձնազոհություն՝ ոչ միայն կդիմադրենք Ադրբեջանին, այլեւ կջախջախենք, որովհետեւ նրանք մեզ այլ ելք չեն տալիս»,-ասել է Պապյանը:

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի խոսքով՝ «օլիգարխները պետք է իրենց անօրինական բիզնեսից ստացած եկամտից մուծվեն զենք գնելու համար»:

«Սերժ Սարգսյանը պիտի կանչի հայտնի օլիգարխներին եւ թղթի վրա 2 թիվ՝ գումարի չափը եւ ժամկետը գրի, ու ասի՝ մուծվեք ու իրենք պետք է մուծվեն, իրենք թալանել են այս երկիրը: Նրանցից որեւէ մեկի հարստության հիմքում ազնիվ բիզնես չի ընկած: Թող որեւէ մեկը չփորձի ասել՝ օրինական է, օրենքի խախտումով ձեռք բերված սեփականությունը չի կարող ունենալ օրենքի պաշտպանություն, դա նորմ է ամբողջ աշխարհում: Հազար տարվա աշխատավարձի չափ է կազմում իրենց ունեցվածքը, եւ ուզում են ասել, որ դա կարող է օրինակա՞ն լինել, նրանք նույնիսկ օրենքով բիզնեսով զբաղվելու իրավունք չունեն»,-նշել է նա:

Արա Պապյանի խոսքով՝ արտոնյալ պաշտոնյաները պետք է վճարեն, քանի հասարակ քաղաքացիների նվիրատվություններից չի կարող զենք գնելու գումար հավաքվի:

«Ժողովրդի տվածը չի կարող մեծ գումար կազմել, ժողովրդի 76 տոկոսը պաշտոնապես աղքատ է, դրա համար իրենք պետք է տան»,-ասել է նա:

Ըստ Արա Պապյանի՝ ներպետական փոփոխությունները, ռազմական ներուժի հզորացումը եւ բանակում պաշտպանության փիլիսոփայության փոփոխությունը հրամայականներ են ստեղծված իրավիճակում: