Վարդան Օսկանյանը վաղը հանդես կգա հայտարարությամբ՝ կապված կուսակցություն ստեղծելու հետ: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ ապրիլի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն մարտի 14-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում հաստատել էր, որ մտադիր է կուսակցություն ստեղծել, որի մասին մոտ օրերս կհայտարարի:
Նա խուսափել էր նշել, թե ովքեր կլինեն այդ կուսակցությունում, նշելով միայն, որ կլինեն եւ պատգամավորներ, եւ խորհրդարանից դուրս գտնվող անհատներ ու երիտասարդներ: Օսկանյանը նշել էր, որ իրենք պատրաստվում են համագործակցել բոլոր ուժերի հետ:
Անդրադառնալով նոր կուսակցության ստեղծման հետ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ առնչություններին, Օսկանյանն ընդգծել էր, որ Ռոբերտ Քոչարյանն այս կուսակցության հետ կապ չունի: «Բայց ես ինձ չեմ դնելու այն վիճակի մեջ, որ անընդհատ ինձ տարանջատեմ Քոչարյանից: Այդ ժամանակվա իշխանությունն, իհարկե, շատ թերություններ ունեցել է տարբեր ոլորտներում, բայց այդ իշխանությունը նաեւ մեծ հաջողություններ է ունեցել, հատկապես այսօրվա տնտեսական իրավիճակի ֆոնին, արտաքին քաղաքականության ֆոնին»,-ասել էր նա:





























