Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ապրիլի 26-ին մեկնել է Մարտակերտ շրջկենտրոն եւ տեղում ծանոթացել ապրիլի 25-26-ի գիշերը հակառակորդի կողմից  հրետակոծության հետեւանքով բնակավայրի կրած վնասներին:

ԼՂՀ կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա շրջայց է կատարել Մարտակերտ քաղաքում,  եղել է այն թաղամասերում, որտեղ հրետակոծությունից տուժել են առանձնատներ եւ քաղաքային նշանակության օբյեկտներ:

Այնուհետեւ, շրջանի պատասխանատուների մասնակցությամբ, վարչապետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ քննարկվել են ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Ա. Հարությունյանը դատապարտել է ադրբեջանական կողմի շարունակվող ագրեսիան եւ նշել, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, բնակավայրում մտցված արտակարգ դրությունը դեռեւս կպահպանվի:

«Մենք վճռական ենք մեր քաղաքականության մեջ եւ թշնամու ագրեսիվ գործողություններին տվել ու տալու ենք համարժեք պատասխան: Ինչ վերաբերում է բնակիչների կրած կորուստներին, կառավարությունը շարունակելու է գույքագրել դրանք, որպեսզի տրվեն համապատասխան փոխհատուցումներ»,- ասել է վարչապետը:

Գործադիր իշխանության ղեկավարին այցի ընթացքում ուղեկցում էին քաղաքաշինության եւ էկոնոմիկայի նախարարները: