Հայկական կողմը երաշխիքներ է պահանջում, որ Ադրբեջանի ագրեսիվ ահաբեկչական գործողությունները չեն կրկնվի։ Այս մասին ապրիլի 26-ին ԱԺ-ում ասել է փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նա նշել է, որ ապրիլը հայերի համար Ցեղասպանության հիշատակի ամիսն է, իսկ 2016թ. ապրիլը քառօրյա պատերազմի, Ադրբեջանի ագրեսիայի եւ, ինչու ոչ, դասերի եւ եզրակացությունների ամիս դարձավ։
«Հայաստանի ժողովուրդը ապրիլի 24-ը դիմավորում է որպես վերածնված ազգ։ Մենք հիմա խոսում ենք վերածնման եւ ամրանալու, միասնականության մասին, դրա վառ ապացույցը երկու հայկական պետությունների՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի գոյությունն է։ Եզրակացություններ արվում են, սակայն արվելու են լուռ, առանց հեռուստախցիկների։ Խոսելու ժամանակը չէ, գործելու ժամանակն է։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ նոր իրականություն է վրա հասել։ Եթե մեր գործընկերները բանակցություններ են ուզում, պետք է երեք պայման կատարեն։ Առաջին՝ վստահության եւ հետաքննության մեխանիզմներ։ Երկրորդ՝ հասցեական գնահատականներ։ Երրորդ՝ երաշխիքներ, որ Ադրբեջանն այլեւս նման ագրեսիվ ահաբեկչություն չի կատարի»,- ասել է Շարմազանովը։



























