Քառօրյա պատերազմի ժամանակ հասարակության միասնության ամենաազնիվ մղումը իշխանությունը նենգափոխեց: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, Ազղատության հրապարակում հանրահավաքի ժամանակ նշեց «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը:

«Մի խումբ մակաբույծներ հայտարարեցին, որ միասնություն է, ամեն ինչ ներվել է, պետք է միավորվենք իշխանության շուրջ, օլիգարխիայի շուրջ: Իրենց թվաց, թե այդ խայծը հայ ազգը կուլ տվեց: Այդ ամենաայլասերված պատկերացումը միասնության մասին համընդհանուր է դարձել: Բայց հերոսական 4 օրերը ցույց տվեցին, որ դա իրականության հետ կապ չունի: Մենք կերտեցինք այն Հայաստանի հիմքը, որում մենք ապրելու ենք»,-ասաց նա:

Անմդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին, Արմեն Հովհաննիսյանն ընդգծեց. «Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Կազանի առաջարկներին հայկական կողմը համաձայնել է, բայց Ալիեւը չհամաձայնեց, դրա համար հաջողության չհասանք: Պատկերացո՞ւմ եք, եթե Ալիեւ համաձայներ: Դա կնշանակեր Արցախի պառտակում, 5-10 տարիների նոր պատերազմ, որը ամենահերոսական դրսեւորումներով հանդերձ մենք տանուլ կտայինք, որովհետեւ բոլոր ռազմավարական դիրքերը նախապես, կամավոր, առանց մեկ կրակոցի պիտի հանձնվեր թուրքին: ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն այսօր ԱԺ-ում հայտարարել է, որ դա բուֆերային գոտի է: Իրենք են բուֆերային գոտի մեր եւ այն Հայաստանի միջեւ, որը մենք ստեղծելու ենք: Այդ գոտին իրենք են եւ այդ գոտին պետք է վերանա: Մենք մեր տարածքի վրա պիտի ստեղծենք արժանապատիվ պետություն»:

Այնուհետեւ մեկնարկեց երթը՝ Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով:

Ցուցարարները վանկարկում են «Հող հանձնողին հանձնենք հողին»: Նրանց ձեռքին կան պաստառներ՝ հետեւյալ բովանդակությամբ` «Ձեր թալանը չգնված զենք ու թափված արյուն», «Պահանջում ենք չզիջող գլխավոր հրամանատար», «Ազգային պետություն-ազգային բանակ», «Արցախը Հայաստան է ու վերջ»։