ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ Ընտրական օրենսգրքի քննարկումները չեն ավարտվի իշխանության հետ կոնսենսուսով, բայց չեն հետեւելու ՀԱԿ-ի օրինակին եւ չեն առկախելու իրենց  մասնակցությունը, մինչեւ իշխանության հետ տեղի ունենա կոնսենսուս:

«Երբ որ Բարգավաճ Հայաստանը տվեց իր համաձայնությունը մասնակցելու 4+4+4 ֆորմատով, մեզ համար պարզ էր, որ որեւէ կոնսենսուս չի լինելու: Մենք ասել ենք ցանկացած ֆորմատով քննարկման մենք մասնակցելու ենք: Մեր երկրում երկար ժամանակ քաղաքական հարցերի վերաբերյալ կոնսենսուս չի լինելու, որովհետեւ, ցավոք սրտի, քաղաքական ուժերի  գերակշիռ մասի նպատակը ոչ թե լավ Ընտրական օրենսգիրք ունենալն է, այլ թե նրանց մասին ինչ կասեն ֆեյսբուքյան այս կամ այն խավերը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, քաղաքական ուժերին չի հետաքրքրում իսկապես ժողովրդավար բարելավված Ընտրական օրենսգիրք ունենալը, այլ օրենսգրքի շուրջ աղմուկը, որ հանկարծ իրենք չմեղադրվեն ինչ-որ հարցում կոնսենսուսի գնալու մեջ:

Պատգամավորը շեշտեց, որ իր համար հասկանալի է ՀԱԿ-ի` այս պահին դահլիճում չգտնվելու մոտիվացիան, բայց դա իր մեջ կմնա: «Կարելի էր գալ ներկայացնել սեփական տեսակետը, դեմ քվեարկել, ոչ թե հերոսաբար առկախել, որ չմասնակցեն քվեարկությանը: Ինձ համար հասկանալի են այն մոտիվացիաները, թե ինչու դահլիճում չեն ու չեն քննադատում Ընտրական օրենսգիրքը: Իրենք չեն գա նաեւ քվեարկությանը եւ չեն քվեարկի դեմ»,-հայտարարեց Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նախօրեին հայտարարեց, որ  իրենց ներկայացրած առաջարկներին ընդառաջ չգնալը  կոնսենսուսի բացակայությունը աննպատակահարմար է դարձնում քննարկումներին իրենց մասնակցությունը: ՀԱԿ-ը որոշեց առկախել մասնակցությունը մինչեւ իշխանությունը գնա փոխզիջման:  Իշխանության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում նշել էր, որ կոնսենսուսը երկկողմանի ցանկության դեպքում է լինում, իսկ ՀԱԿ-ի քայլը ուլտիմատում է: