Արցախի խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության մասին տեղեկացվում է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԼՂՀ Պն մամուլի ծառայությունը:

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունն իրազեկում է, որ ինչպես վերջին օրերին, այնպես էլ այս գիշեր Մարտակերտ քաղաքի եւ շփման գծին մերձակա այլ խաղաղ բնակավայրերի վրա ադրբեջանական բանակի կողմից իրականացված հրթիռահրետակոծությունների մասին, որպես միջազգային անկողմնակալ, չեզոք եւ անկախ կառույցի, պարբերաբար տեղեկացվել եւ այսուհետ եւս կտեղեկացվեն Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում` ականանետերից, թնդանոթներից ու ՄՄ- 21 (Գրադ) կայանքներից ղարաբաղյան դիրքերի եւ խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ: Հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ եւ այլ խաղաղ բնակավայրեր:

Հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունների հետեւանքով` մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Սամվելի Մինասյանը: