«Ազգային վերածնունդ»  կուսակցությունը դատապարտում է Հերմինե Նաղդալյանի պարտվողական եւ զիջողական արտահայտությունները, համարում, որ դրանք վիրավորում են Արցախի ժողովրդի արժանապատվությունը եւ լկտիացնում Ադրբեջանին իր ագրեսիվ նկրտումներում: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախում գործող «Ազգային վերածնունդ» կուսակցությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«2016թ. ապրիլի 25-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը Արցախի սահմանադրորեն ամրագրված տարածքի նկատմամբ թույլ է տվել անընդունելի արտահայտություններ:

«Ազգային վերածնունդ»  կուսակցությունը դատապարտում է Հերմինե Նաղդալյանի պարտվողական եւ զիջողական արտահայտությունները, համարում, որ դրանք վիրավորում են Արցախի ժողովրդի արժանապատվությունը եւ լկտիացնում Ադրբեջանին իր ագրեսիվ նկրտումներում: Պարտվողական եւ զիջողական հայտարարությունները թիկունքից հարված են սահմանին կանգնած հայ զինվորին, Արցախի տարբեր շրջաններում ապրող քաղաքացիներին եւ թերբնակեցված շրջաններում իրականացվող ներդրումային ծրագրերին:

Նման հայտարարությունները արհամարհանք են Հայրենիքի ազատագրության եւ պաշտպանության համար զոհվածների հիշատակի նկատմամբ:

Կուսակցությունը համարում է, որ Հերմինե Նաղդալյանի հետագա պաշտոնավարումը որպես ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար հակասում է Արցախի եւ համայն հայության շահերին»:

Նշենք, որ «Ազգային վերածնունդ»  կուսակցությունը ստեղծվել է 2013թ. եւ 2015թ. մայիսին կայացած Արցախի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում դարձել է խորհրդարանական կուսակցություն՝ ձեւավորելով «Վերածնունդ»   խմբակցությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎճում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ասել էր. «Երբ կընդունվի կարգավիճակի մասին որոշում եւ աշխարհը կընդունի Ղարաբաղի անկախությունը, մենք ձեր հողերը, կամ էն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում, սա մեր բուֆերային գոտին է եւ մեր անվտանգության երաշխիքն է»: Նա նաեւ նշել էր, որ «մեր փոխզիջումը ոչ թե հինգ «գրավյալ» տարածքներն են, այլ Մադրիդյան սկզբունքների ամբողջական համալիրը»: