Մենք մտադիր ենք մասնակցել մյուս տարվա խորհրդարանական ընտրություններին և մտադիր ենք իշխանություն ձևավորել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա վստահություն հայտնեց, որ իր նորաստեղծ «Համախմբում» կուսակցությամբ հանրությանը ներկայանալու են այնպիսի ծրագրով, որ ժողովուրդը տեսնելու է՝ իսկապես խնդիրներ են լուծվելու, որոնց շուրջ էլ լինելու է համախմբումը:
«Կուսակցության անունը վաղուց որոշել էինք: Կարծում եմ՝ ճակատագրական ընտրություններ են լինելու, որտեղ որոշվելու է մեր երկրի ապագան ինչ-որ տեղ հաջորդ տասնամյակների համար»,- այսօր՝ ապրիլի 27-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է Վարդան Օսկանյանը:
«Մենք գտնում ենք, որ քաղաքական ուժերը, որոնք նույն նպատակն են դրել իրենց առջեւ, առանձին-առանձին շատ ավելի մեծ դժվարություն կունենան արդյունքների հասնելու համար, մենք փորձելու ենք միասին ճանապարհ անցնել եւ նաեւ դրա մեջ մենք: Կոչ ենք անում ժողովրդի համախմբումը քաղաքական ուժերի շուրջ, որպեսզի կարողանանք երկրում արմատական փոփոխություն իրականացնենք»,-ասաց Վարդան Օսկանյանը:
NEWS.am-ի հարցին, թե ինչու իրեն արմատական ընդդիմություն համարող ՀԱԿ-ի օրինակով արտաքին մարտահրավերների դեպքում չեն դադարեցնում ներքաղաքական պայքարն ու իշխանությանն ուղղված քննադատությունը, Օսկանյանը պատասխանեց. «Այլ քաղաքական ուժերի որոշումները, վարած քայլերը չեմ ուզում մեկնաբանել: Մենք շատ հստակ նպատակներ ունենք մեր առջեւ՝ կազմակերպվել, ծրագիր ներկայացնել եւ գնալ հաջորդ խորհրդարանական ընտրություններին: Հասնել իշխանության ձեւավորմանը եւ այդ ծրագրի իրականացմանը: Այսօր մեր երկրի առաջ ծանրացել են լրջագույն խնդիրներ, որոնք լուծումներ են պահանջում: Այսպես իսկապես հնարավոր չէ շարունակել»:
Ինչ վերաբերում է Օսկանյանի՝ նախկին իշխանության առանցքային պաշտոնյա լինելու հանգամանքին, որը բացասաբան կարող է ազդել իր կուսակցության հեղինակության վրա, նա ասաց. «Ես կարծում եմ, որ նախկինում իշխանության մեջ լինելը իմ վարկանիշը կբարձրացնի այն իմաստով, որ իշխանական համակարգում աշխատանքի փորձ ունեմ, արտաքին քաղաքականության ոլորտում տասը տարի աշխատել եմ, եւ կարծում եմ՝ դրական արդյունքներ են ձեռք բերվել այդ տասը տարվա ընթացքում: Դրանից հետո զբաղվել եմ ներքաղաքական հարցերով: Այդ փորձին գումարվում է ներքաղաքական գործառույթը այս երկուսի համադրումով, շատ ավելի կկարողանամ ժողովրդի վստահությունը ունենալու եւ առաջ տանելու»:
Նշենք, որ դեռեւս հայտնի չէ՝ ով է լինելու կուսակցության նախագահը, Օսկանյանն ասաց՝ համագումարով է որոշվելու:




























