Ռուսաստանի ԱԳՆ-ի` զբոսաշրջության նպատակով Թուրքիա ուղեւորություններից զերծ մնալու հանձնարարականներն ուժի մեջ են մնում: Այդ մասին ապրիլի 27-ի ճեպազրույցին հայտնել է ռուսական դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Թուրքիան առաջվա պես դասվում է այն երկրների թվին, որտեղ այցելել Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում», - ասել է դիվանագետը:
Նրա խոսքով, Թուրքիայի հարավ-արեւելքում լարված ռազմական բախումներ են տեղի ունենում անվտանգության թուրքական ուժերի եւ Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) զինված ջոկատների միջեւ: «Ըստ էության, այնտեղ քաղաքացիական պատերազմ է ընթանում: Միայն պաշտոնական տվյալներով, վերջին 9 ամսվա ընթացքում այդ տարածաշրջանում 400-ից ավելի զինվորական է զոհվել, Թուրքիայի հարավ-արեւելքում ավելի քան հարյուր շրջան հայտարարվել է անվտանգության գոտի, որտեղ պարետային ժամ է գործում», - հիշեցրել է Զախարովան` հավելելով, որ աճել է նաեւ խոշոր քաղաքներում ահաբեկչական գործողությունների թիվը:
«Եվս մեկ անգամ ռուսաստանյան քաղաքացիներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ զբոսաշրջության նպատակով այդ պետություն այցելելուց, որովհետեւ այնտեղ կեցությունը իրապես ուղեկցվում է առողջության եւ կյանքի համար սպառնալիքով», - ընդգծել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:





























