ՀՀ Կենտրոնական Բանկը ապրիլի 26-ին հաստատեց «Ինեկոբանկ» ՓԲԸ եւ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ ընկերությունների միջեւ կքնված միացման պայմանագիրը:

Երկու բանկերի միացման գործընթացը սկսվել էր 2015թ. դեկտեմբերից՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ կողմից «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի՝ «ՊրոԿրեդիտ» միջազգային հոլդինգին պատկանող բաժնետոմսերի 100%-ը ձեռք բերելու մասին երկկողմ համաձայնագրի ստորագրմամբ:

«Ինեկոբանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Տարոն Գանջալյանը նշեց. «Երկու բանկերի ինտեգրացիոն գործընթացներն արդեն մոտենում են ավարտին եւ 2016թ. մայիս ամսից միացյալ բանկը հանդես կգա «Ինեկոբանկ» բրենդի ներքո: Երկու բանկերի ուժեղ կողմերի ինտեգրացիայի շնորհիվ «Ինեկոբանկը» ձեռք բերեց ավելի բարձրակարգ մասնագետներ, արդյունավետ ներքին գործընթացներ եւ գրավիչ պրոդուկտներ»:

««Ինեկոբանկն», արդեն 2-րդ տարին անընդմեջ հանդիսանալով հայաստանյան բանկերի մեջ բացարձակ առաջատարը կապիտալի եւ ակտիվների շահութաբերության ցուցանիշներով, «ՊրոԿրեդիտ» բանկի ձեռք բերումից հետո գրանցեց լուրջ հաջողություններ մի շարք ուղղություններով եւս: Միավորման առաջին իսկ արդյունքն եղավ միկրո եւ ՓՄՁ ոլորտում շուկայի բացարձակ առաջատարի դիրքը զբաղեցնելը, ինչը հիմք ստեղծեց մատուցվող ծառայությունների որակն էականորեն բարելավելու համար, այդ թվում՝ մասնաճյուղային ավելի լայն ցանցի միջոցով: Բանկի կապիտալը գործարքից հետո զգալիորեն աճեց՝ գերազանցելով ՀՀ ԿԲ կողմից սահմանված նվազագույն շեմը, որի ապահովման համար սահմանված էր վերջնաժամկետ մինչեւ 31.12.2016թ.-ը»,- նշեց Տարոն Գանջալյանը:

Հիմնադրված 1996թ.-ին՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի առաջատար բանկերից մեկը անհատ հաճախորդների, Միկրո եւ ՓՄՁ ոլորտի հաճախորդների համար՝ սպասարկելով 200.000-ից ավելի անհատ եւ 9000-ից ավելի բիզնես հաճախորդների: Առաջին բանկն է Հայաստանում, որ ներդրել է ապառիկ առեւտրի վարկավորման  ծառայությունը՝ խթանելով սպառողական ապրանքների շուկայի զարգացմանը: Համագործակցում է 30-ից ավելի միջազգային ներդրողների հետ: