Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարացվել է:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ ապրիլի 27-ին, ասաց Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ նման որոշում այսօր դռնփակ նիստում կայացրել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին, ձերբակալվել, ապա կալանավորվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Աթաջանյանը, Հենրիկ Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Մինասյանը եւ Արա Բուդաղյանը: