Գարնանային գյուղատնտեսական աշխատանքների համար 7.5 մլրդ դրամի չափով վարկերի սուբսիդավորում է հատկացվել: Այս մասին ապրիլի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց գյուղնախարար Սերգո Կարապետյանը:

Պետական ծրագրերի շրջանակում արդեն հատիկավորների սերմեր, ինչպես նաեւ առվույտ է ներկրվել: Գարնանացան ցորենի գերէլիտար սերմեր կտրամադրվեն սերմնաբուծական տնտեսություններին՝ հաջորդ տարի ֆերմերներին հատկացնելու համար:

Նախարարը հիշեցրեց, որ վարկերի սուբսիդավորման ծրագրի գործողության մեկնարկից ի վեր դրանց ընդհանուր ծավալը կազմել է 86 մլրդ դրամ (շուրջ 180 մլն դոլար): Ընդհանուր առմամբ, ծրագրից շուրջ 101 հազար ֆերմերային տնտեսություն է օգտվել:

Եթե նախկինում պետության սուբսիդիան վարկային դրույքաչափի 4 տոկոսային կետ էր՝ սովորական ֆերմերների եւ 6 տոկոսային կետ՝ բարձր լեռնային եւ սահմանամերձ գյուղերի համար, ապա անցյալ տարվանից 6 տոկոսային կետը տարածվել է բոլորի վրա (սուբսիդավորվում են տարեկան 14% դրույքաչափով վարկերը, որոնցից ֆերմերներին մնում է վճարել 8%-ը):