Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 28-ին ընդունել է ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքի բնակիչ, արմատներով արցախցի բարերար Մաքսիմ Աթայանցին, ով այս օրերին Արցախում է Հադրութի շրջանի Առաքել համայնքին կից բնակավայրի վերականգնման եւ վերաբնակեցման ծրագրի ընթացքը քննարկելու նպատակով:
ԼՂՀ Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը ողջունել է բարերարի հայրենանվեր ծրագրի շարունակականությունը՝ հատկապես Արցախի համար ստեղծված այս ծանր օրերին: Ա. Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ Մ. Աթայանցի ծրագիրը նոր շունչ կտա համայնքին՝ դրականորեն ազդելով նրա զարգացման վրա:
Բարերարը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակներում մինչ այժմ երկու բնակարան է կառուցվել, եւ մի քանի բնակարանի կառուցում եւս նախատեսված է, որոնք տրամադրվելու են բազմազավակ ընտանիքներին: Նրա խոսքով՝ բացի տների կառուցումից, վերականգնվելու են բնակավայրի ենթակառուցվածքները, ինչպես նաեւ հիմնվելու է արտադրամաս, ինչը կապահովի բնակչության զբաղվածությունը:




























