Ընդդիմությունը Ընտրական օրենսգրքի մասին ասելիք չունի, բայց ստիպված են ինչ-որ կերպ կեցվածք ընդունել եւ գոնե ինչ-որ բանի համար կշտամբել: Այդ մասին ապրիլի 29-ին Ազգային Ժողովի ավանդական ճեպազրույցների ընթացքում հայտնել է ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը:  

«Եթե նկատել եք, կային գործիչներ, որոնք չկարողացան որեւէ վատ բան գտնել Ընտրական օրենսգրքում եւ  փոխարենը տատիկի հեքիաթներ էին պատմում, միայն թե ինչ-որ բան ասեին: Այն, ինչ իրենք ժամանակին չէին արել, ինչ իրենք չէին հասցրել, վերագրում էին ներկայիս իշխանություններին: Թող որ այդպես լինի: Այդ մեղադրանքներին ավելի լավ պատասխան կտա հասարակությունը` ընտրություններին», - նշել է Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ նոր Ընտրական օրենսգրքի վերամշակված նախագիծն ընդունվել է ապրիլի 28-ին` 1-ին ընթերցմամբ, 98 «կողմ» ձայնով, 9 «դեմի» եւ 5 ձեռնպահի պարագայում: Քվեարկության պահին մի քանի ընդդիմադիր խոսք խնդրեցին, բայց չստացան:   «Կողմ» են քվեարկել ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի խմբակցությունները, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների մեծ մասը: «Դեմ» են քվեարկել Հայ ազգային կոնգրեսի խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները,  «Ժառանգության» պատգամավորներից մեկը, իսկ «Օրինաց երկիրը» չի մասնակցել քվեարկությանը: