Հայաստանի հարավում գտնվող Լիչկվազ ոսկու հանքավայրի պահուստները  կազմում են 474 հազար ունցիա ոսկի (13,4 տ): Այդ մասին ասված է ռուսաստանյան  «Polymetal» ընկերության հաղորդագրության մեջ, որը հանքավայրի 100 տոկոսանոց սեփականատերն է: 

Բացի այդ, հանքավայրում մոտ 2,09 մլն ունցիա (մոտ 59 տ) արծաթ եւ 15,9 հազար տ պղինձ է գրանցվել: Ընկերությունը հանքավայրի հիմնական արդյունաբերական տարրերը համարում է ոսկին եւ պղինձը, իսկ արծաթը` համընթաց արտադրանք: 

Ստորգետնյա մշակման համար հանքանյութի ծավալը կազմում է   4,3 մլն տ., ոսկու   3,4 գ/տ միջին պարունակությամբ: Վերոհիշյալ 474 հազար ունցիա ոսկուց 279 հազարն ի հայտ բերված պահուստներ են, 194-ը` ենթադրվող (աստիճանակարգումը` ըստ JORC Կոդեքսի):

Գնահատականը հիմնված է 70 հորատանցքի հետախուզական հորատման վրա, որոնց գումարային խորությունը 15,8 հազար մ է: Գնահատականը, JORC-ի Կոդեքսին համապատասխան, հաստատվել է «CSA Global» միջազգային աուդիտորական ընկերության կողմից:

 «Polymetal»-ը նախատեսել է արդյունահանվող հանքանյութը տեղափոխել Կապան քաղաքում գտնվող հարստացնող ֆաբրիկա` Հայաստանում իր երկրորդ` ավելի խոշոր հանքավայրի մոտ  (Շահումյանի ոսկու-պոլիմետաղականի), որը Լիչկվազից մոտ 70 կմ հեռավորության վրա է:

2016-ին ռուսաստանյան ընկերությունը կշարունակի հետախուզական աշխատանքը:  2017-ի  III եռամսյակում նախատեսված է հանքային պահուստների նոր գնահատական թողարկել, ինչպես նաեւ Կապանի եւ Լիչկվազի շահագործման համադրված պլան: 

1999-ին Լիչկվազի հանքավայրի արտոնագիր էր ստացել   «Սիփան-1» ընկերությունը: 2005-ին այն ձեռք է բերել ավստրալական «Iberian Resources»-ը, որը 2007-ին իր հերթին ձեռք էր բերել ավստրալական մեկ այլ ընկերություն`   «Tamaya Resources»-ը: 2008-ին ընկերությունը դուրս էր եկել Հայաստանի իր նախագծից:   

2015-ին «Polymetal»-ը հանքավայրի արտոնագիրը ձեռք էր բերել ռուսական մեկ այլ ընկերության`  «Նեւա-Ռուսի» դուստր ձեռնարկությունից: