Հնդկաստանում ապրիլի սկզբից ի վեր ավելի քան 300 մարդ է մահացել շոգից, հայտնում են հնդկական ԶԼՄ-ները: 

Indian Express թերթի տվյալներով, Տելանգանա նահանգում 137 մարդ է մահացել, Օդիշում զոհերի թիվն աճել է մինչեւ 119:

Բիհար նահանգում շոգ եղանակի եւ բոցավառման հետ կապված միջադեպերի պատճառով 66 մարդ է մահացել: Բիհարի իշխանությունները, որտեղ միջին ջերմաստիճանը հաստատվել է 42 աստիճանի մակարդակում, հանձնարարական են հրապարակել, որի համաձայն, առավոտվա 9-ից մինչեւ երեկոյան 18-ն արգելվում է կրակի վրա սնունդ պատրաստել: Բացի այդ, իշխանություններն արգելել են կրակի ծեսեր կատարել, մասնավորապես` բերքը հավաքելուց հետո այրել դաշտերը:  

Հնդկաստանի օդերեւութաբանական դեպարտամենտի պաշտոնական տվյալների համաձայն, այս տարի շոգ սեզոնի ընթացքում` ապրիլից մինչեւ հունիս, երկրում սպասվում է նորմայից միջինը  1 աստիճան բարձր ջերմաստիճան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:  

Պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ անցյալ տարի Հնդկաստանում շոգի պատճառով   2135 մարդ է մահացել, 2014-ին` 549 մարդ, 2013-ին` 1433 մարդ: