Վրաստանի բնակիչների ճնշող մեծամասնությունն աջակցում է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին`  79 տոկոս, եւ Եվրամիությանը` 85 տոկոս, վկայում են Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) սոցիոլոգիական հարցման արդյունքները:   

Երկրի բնակչության 52 տոկոսն արեւմտամետ կողմնորոշումն է ընտրում Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման պայմանով: Մոտ մեկ քառորդը` 22 տոկոս, հայտնում է, որ Վրաստանի քաղաքականությունը պիտի բացառապես արեւմտամետ լինի: 

Վրաստանի բնակիչների 59 տոկոսը դրական է գնահատում Վրաստանի գործող կառավարության քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ: Վրաստանի բնակչության մեկ քառորդին դուր չի գալիս վրացական իշխանությունների մոտեցումը ՌԴ-ի նկատմամբ:   

Ռուսաստանի հետ ներկայիս հարաբերությունները հաշվի առնելով, Վրաստանի քաղաքացիների մեծ մասը`  53 տոկոս, իրեն անվտանգ է զգում, վտանգ է զգում բնակիչների  42 տոկոսը:

ՌԴ-ի հետ երկխոսության օգտին հանդես է գալիս Վրաստանի բնակիչների  83 տոկոսը: Միաժամանակ հարցվածների 15 տոկոսը հանդես է գալիս Վրաստանի ռուսամետ քաղաքականության օգտին, հայտնում է  «Նովոստի Գրուզիան»:

IRI-ի հետազոտության ընթացքում մարտի 12-ից ապրիլի 2-ը ամբողջ Վրաստանում հարցվել է երկրի  18 տարեկանից մեծ 1500 մշտական բնակիչ: Սխալմունքի հնարավորությունը մոտ 2,5 տոկոս է: