«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիորսյանը կարծում է, որ եթե բանակում չծառայած անձը պետական պաշտոնի նշանակվելու իրավունք չունենա, այլեւս չի խուսափի բանակում ծառայելուց:  NEWS.am-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը օրինակ բերեց Իսրայելը, որտեղ  պետական պաշտոնական անձ չի կարող լինել մեկը, որը չի ծառայել բանակում:

«Հայաստանում բանակում չծառայածն  ավելի լավ պաշտոններ ունի եւ մեդալներ եւ դա տեսնելով, մեր տղաներն էլ նույն կերպ են վարվում: Նմանատիպ մեխանիզմներ կիրառելով է պետք կանխել բանակից խուսափելու փորձերը, պետք է փոխել կառավարման համակարգը, քանի որ Հայաստանում կա համակարգային կոռուպցիա: Իսրայելում որեւէ պետական պաշտոնական անձ չի կարող լինել մեկը, որը չի ծառայել բանակում, դա պետք է խթան եւ զսպող մեխանիզմ լինի, որպեսզի քաղաքացիները չխուսափեն բանակից: Հայաստանում պաշտոնում նշանակվում է մի անձ, որը բանակում չի ծառայել, մի հատ էլ պաշտպանության նախարարից մեդալներ է ստանում, դրանց օրինակով էլ մեր պատանիներն են շարժվում»,-նշեց Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հակոբյանի եւ Թեւան Պողոսյանի՝ «Զինապարտության մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին ներկայացրած նախագիծը, ըստ որի բանակում պետք է ծառայեն 18 տարին լրացած բոլոր տղաները, Հայաստանում կարող է չաշխատել, քանի որ կոռուպցիոն «ավանդույթները»  որոնք այսօր կան մեր երկրում, կրկին շարունակվելուն են այդ նախագծի ընդունումից հետո էլ:

«Գաղափարն ընդունելի եւ հասկանալի է, բայց դրա պրակտիկ կիրառումը անհավանական: Ես նաեւ կողմ եմ, որ մենք ունենանք աշխարհազոր, այն համակարգը, որը գոյություն ունի Շվեյցարիայում լինի նաեւ այստեղ: Երբ պարտադիր զինծառայությունից հետո տարին մեկ անգամ մեկ շաբաթով, մեկ ամսով գնանք զինավարժությունների եւ տիրապետենք նորացվող զինատեսակներին, եւ մարտավարական կարողություններ ունենանք: Այդ դեպքում ոչ միայն սահմանն անառիկ կլինի, այլեւ ամբողջ Հայաստանը:

Պետք է ունենանք այնպիսի մեխանիզմ, որ չկասկածենք, որ կոռուպցիոն մոտեցումներ կաշխատեն, վստահության մթնոլորտ է պետք ձեւավորել, այնպիսի միջավայր, որի պարագայում ծառայությունից խուսափելը անհարմար լինի»,-ասաց նա։