Ղարաբաղյան հարցի միակ լուծումը խաղաղ կարգավորումն է: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Չեխիայի Խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Յան Գամաչեկը:   

Նա հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ բանակցությունները շուտով կվերականգնվեն: «Ես հավատում եմ, որ այդ հարցի միակ լուծումը խաղաղն է: Ողջունում եմ հրադադարի պայմանավորվածությունը եւ հույս ունեմ, որ դիվանագիտական բանակցությունները կվերականգնվեն», - ընդգծել է Յան Գամաչեկը: 

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակել է խախտել հրադադարի համաձայնագիրը, ինչի հետեւանքով հյուսիսային ուղղությամբ   (Թալիշ) զոհվել են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինծառայողներ Գարիկ Մովսիսյանը եւ Վազգեն Հարությունյանը: Ադրբեջանական կողմը  շարունակել է նաեւ հայկական դիրքերի գնդակոծությունը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում: