Մայիսի 3-ին Արցախի զորմասերից մեկում մահացած 19-ամյա Կորյուն Հարությունյանը Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղից էր:

«Սովորական, գյուղացի ընտանիք են, գյուղատնտեսությամբ են զբաղվում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասարի գյուղապետ Գարեգին Բեկյանը:

Կորյունը ընտանիքի կրտսեր զավակն էր, իրենից մեծ մեկ քույր եւ եղբայր ունի: Եղբայրը պայմանագրային զինծառայող է: Կորյունը դեպքից ժամեր առաջ է խոսել ընտանիքի անդամների հետ, ասել, որ ամեն ինչ կարգին է:

Կորյունը 6 ամսից կզորացրվեր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախի զորամասերից մեկում մայիսի 3-ին հայտնաբերվել է երկու զինծառայողի դի: NEWS.am-ին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ մահացած զինծառայողները 19-ամյա Կորյուն Հարությունյանն ու Իգոր Հակոբյանն են:

Արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր եւ  հրազենային, բեկորային  վնասվածքներ չկան:  Նշանակվել է դատաբժշկական փորձաքննույթուն եւ ձեռնարկվում են քննչական եւ դատավարական գործողություններ մահվան հանգամանքները պարզելու համար:

Մահացած զինծառայողներից մեկի հարազատը մեզ հետ զրույցում նշել է, որ դեպքը տեղի է ունեցել Ջրակնում, զինծառայողները գտնվել են շինությունում, որի կտուրը փլուզվել է, որի հետեւանքով նրանք մահացել են: