Ըստ սակարկությունների տվյալների՝ մայիսի 5-ին նավթի համաշխարհային գներում նկատվում է վստահ դրական դինամիկա, սա պայմանավորված է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության հրապարակած մեկ շաբաթվա տվյալներով, որոնք վկայում են, որ երկրում նավթի արդյունահանումը կրճատվել է, նաեւ Կանադայում հրդեհների մասին հղորդագրություններով:

Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը աճել է 1.59 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 45.33 դոլարի: WTI տեսակի հուլիսյան ֆյուչերսները բարձրացել են 2.03 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 44.67 դոլարի, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Չորեքշաբթի ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը հայտնել էր, որ երկրում նավթի առեւտրային պաշարները ( բացառությամբ ռազմավարական ռեզերվի) մեկ շաբաթում աճել է 2.8 մլն բարելով, կամ 0.5 տոկոսով՝ հասնելով 543.4 մլն բարելի: Վերլուծաբանները կարծում են, որ նավթի առեւտրային պաշարները մեկ շաբաթում ավելացել են ընդամենը 1.695 միլիոն բարելով՝ հասնելով 542,295 մլն բարելի: Միեւնույն ժամանակ նախարարության տվյալներով ԱՄՆ-ում նավթի արդյունահանումը մեկ շաբաթում կրճատվել է 1.26 տոկոսով կամ օրական 113 հազար բարելով: Ներդրողները անտեսել էին պաշարների աճի մասին տվյալները ու արձագանքել միայն «սեւ ոսկու» արդյունահանման դրական ցուցիչին:

Կանադայի նավթային ավազների տարածքում հրդեհների մասին տեղեկությունը նույնպես ազդել է գների վրա՝ ստիպելով որոշ տեղական ընկերությունների կրճատել արտադրությունը: Ֆորտ ՄաքՄյուրեյ քաղաքի իշխանությունները սկսել են տարհանել քաղաքի 80 հազար բնակիչներին, այնտեղ շուրջ 1600 շենք է այրվել: Ալբերտա պրովինցիայում նույնպես մի քանի օր առաջ խոշոր անտառային հրդեհ էր բռնկվել:

Հրդեհների պատճառով մի քանի նավթարդյունահանող օբյեկտների աշխատանքը դադարեցվել է: