Մեծ Բրիտանիայում նոր ամենօրյա  New Day օրաթերթը փակվում է երկու ամիս գոյատեւելուց հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Ֆրանս Պրեսս գործակալությանը:   

Թերթը թողարկվել էր փետրվարի 29-ին: Հաղորդվել էր, որ   30 տարվա ընթացքում առաջին անգամ Մեծ Բրիտանիայում բացառապես տպագիր օրաթերթ է հայտնվել: Թերթի խմբագրությունը հույս ուներ ապացուցել, որ տպագիր պարբերականը կարող է գոյատեւել համացանցի ժամանակաշրջանում:   

Trinity Mirror ընկերությունը հայտնել է, որ «հիասթափված է», որը թերթը փակվում է եւ հայտնել է, որ տիրաժը «ակնկալվածից ավելի» նվազել է:

«Շատ մարդկանց դուր էր եկել այլ ձեւաչափի թերթի գաղափարը… Բայց իրականությունն այնպիսին է, որ այդ մարդկանց թիվը բավարար չէր», — խմբագիր Էլիսոն Ֆիլլիպսի խոսքերն է մեջբերում գործակալությունը: Նախատեսված էր թերթը թողարկել  200 հազար օրինակով` մեկ օրինակի համար 25  փենս գնով, բայց տիրաժն ընկել է մինչեւ օրական  40 հազար:

Թերթի վերջին համարը կհրապարակվի մայիսի 6-ին: