Եթե անգամ Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուս չլինի, ՀԱԿ-ն իշխանության շուրջ համախմբման դիրքորոշումը չի փոխի: Այս մասին այսօր Հայաստանի Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
«Երբեք չարժե այդ գործընթացներն իրար հետ կապել, դա սակարկության առարկա չենք դարձնում: Եթե անգամ չլինի Ընտրական օրենսգրքի հարցում կոնսենսուս, միեւնույն է, եթե պատերազմական գործողություններ կան, մենք մնում ենք մեր դիրքորոշմանը՝ անկախ այն հանգամանքից, իշխանությունները նույնքան պետական մտածողություն կարողացա՞ն դրսեւորել, որքան դրսեւորեց ընդդիմությունը: Մեր քայլն անվերապահ է եւ որեւէ բանով պայմանավորված չէ, հատկապես՝ ներքին քաղաքական գործընթացների սակարկության հետ»,- ասաց Զուրաբյանը:
Ընդդիմադիր գործիչն ընդգծեց, որ իրենք ոչ թե չեն քննադատում իշխանությանը, այլ պարզապես այս փուլում հրաժարվել են իշխանափոխության օրակարգից, որը կարող է երկրում ցնցումների հանգեցնել:
«Եթե նախկինում իշխանափոխության հարց էինք առաջ քաշել, ապա այս պահին իշխանությունը չեն փոխում: Իշխանությունը որքան էլ վատ վարվի, մենք գիտենք, որ չի կարելի վնասել քո զինվորին, բանակին, երբ Ադրբեջանը հարձակվում է: Բայց մյուս կողմից բնական չէ, որ դա բացատրում ենք իշխանություններին, միայն ընդդիմությունը չէ, որ պետք է պետական մտածողություն ցուցաբերի, դա պիտի անի նաեւ իշխանությունը, պետք է հասկանա, որ ի վերջո սա չանելը երկարաժամակետ առումով բերելու է տնտեսական զարգացման եւ կայունության բացակայության»:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը հորդորեց նաեւ Ընտրական օրենսգիքի հետ կապված իշխանության հետ փոխզիջման չգնալը չկապել ներքին համախմբման գործընթացի հետ:





























