Վստահելի ընտրական գործընթացը թափ կհաղորդի Հայաստանի տնտեսությանը: Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակում, նախագահ Խաչատուր Քոքոբելյանի եւ մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին եւ դեսպանատան քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանին։

Կուսակցությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման մասնակիցները քննարկեցին ՀՀ ներքին եւ արտաքին քաղաքական հարցեր, մասնավորապես անդրադարձ եղավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին եւ ապրիլյան պատերազմից հետո ստեղծված քաղաքական իրավիճակին, ՀՀ Ընտրական օրեսգրքի նախագծին եւ դրա շուրջ ընթացող բանավեճերին։

Դեսպան Միլսը հույս հայտնեց, որ ներկայումս բանավեճերի փուլում գտնվող Հայաստանի ընտրական բարեփոխումների վերջնական տարբերակում կներառվեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ բոլոր հիմնական առաջարկները։

«Հուսով ենք, որ այն կարտացոլի Հայաստանի քաղաքական տիրույթում ու քաղաքացիական հասարակության շրջանում տիրող կարծիքների ու դիրքորոշումների լայն կոնսենսուս: Վստահելի ընտրական գործընթացի հասնելու համար քաղաքացիական հասարակությունը պարտավոր է բարեխղճորեն աշխատել իշխանության ու ընդդիմության հետ: Վստահելի ընտրական գործընթացն էական է ժողովրդավարության համար ու նաեւ թափ կհաղորդի Հայաստանի տնտեսությանը՝ օգնելով ավելացնել միջազգային ներդրողների ներգրավումը»,- ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:

Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն էլ խոսեց ԸՕ նախագծի առնչությամբ կուսակցության ներկայացրած առաջարկների մասին՝ կարեւորելով դրանց ընդգրկումը նախագծի վերջնական տարբերակում։

Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչությամբ  ՀՀ-ում ԱՄՆ դեսպան ՌիչարդՄիլսը հավաստիացրեց, որ դեսպանությունը շարունակում է ուշադիր հետեւել Լեռնային Ղարաբաղի դեպքերին եւ կողմերին հորդորում է վերստին հետամուտ լինել տեւական հրադադարի ապահովմանն ու լուրջ բանակցություններ վարել հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ։

«Մենք կողմերին հորդորում ենք նստել բանակցային սեղանի շուրջ»,- հավելեց դեսպան Միլսը:

Խաչատուր Քոքոբելյանը կարեւորեց ԼՂ խնդրի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը․«Ժամ առաջ պետք է վերսկսվեն բանակցությունները։ Ավելին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում արդյունավետ լուծումների հասնելու համար կարեւորում ենք ԼՂՀ վերադարձը բանակցային սեղան»։