Նյու Յորքի բնակիչը մտադիր է դատական հայց ներկայացնել քաղաքի ոստիկանության դեմ՝ 20 մլն դոլար պահանջելով ապօրինի ձերբակալության եւ ոստիկանների կողմից ձեռքին հասցված վնասվածքի համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով New York Daily News-ը:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 19-ին, երբ քաղաքացիական հագուստով ոստիկանները մեկ այլ անձի ձերբակալության գործողություն են իրականացրել: Իրավապահների պնդմամբ, 23-ամյա Զաիկուան Ֆութմանն ատրճանակ է հանել: Քաղաքի ոստիկանապետի տեղակալը հայտարարել է, որ Ֆութմանի եւ իրավապահների միջեւ, իբր, փոխհրաձգություն է տեղի ունեցել, իսկ Ֆութմանը հայտարարել է, որ զինված չի եղել:

Հայցվորի փաստաբանը պնդում է, որ ոստիկաններն առնվազն 19 անգամ կրակել են Ֆութմանի ուղղությամբ, մինչ վերջինը փորձել է փախուստի դիմել՝ չկասկածելով, որ դրանք իրավապահներ են: Ապրիլի 25-ին երդվյալների դատարանը Ֆութմանին անմեղ է ճանաչել:

Պարբերականի տվյալներով, մայիսի 5-ին զինված ոստիկանները ներխուժել են Ֆութմանի մոր տուն, ձեռնաշղթաներ հասցրել հայցվորին եւ նրա ընտանիքի անդամներին եւ ջարդուփշուր արել բնակարանում եղած ամեն ինչ: Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ իրավապահները խուզարկության իրավունք են ունեցել եւ ապօրինի զենք են փնտրել, սակայն ոչինչ չեն գտել:

«Վախենում եմ, որ կսկսեն հետապնդել նրան, քանի որ գիտեն, որ սխալ են թույլ տվել»,- նշել է Ֆութմանի մայրը: