Գերմանացի ընտրողները 11 տարվա ընթացքում հոգնել են Անգելա Մերկելից եւ չեն ուզում, որ 2017-ին նա դարձյալ գլխավորի կառավարությունը, գրում է Deutsche Welle-ն` վկայակոչելով հարցմանը, որն իրականացրել է INSA ընկերությունը Cicero ամսագրի պատվերով:
Հարցման արդյունքների համաձայն, գերմանացիների մոտավորապես երկու երրորդը` մոտ 64 տոկոս, դեմ է հանդես գալիս այն բանին, որ դաշնային կանցլերը եւ նրա «Քրիստոնյա-դեմոկրատական միությունը» (ՔԴՄ) գլխավորեն կառավարությունը եկող տարի դաշնային ընտրությունների արդյունքում:
INSA-ն եւս մեկ հարցում է իրականացրել Bild թերթի համար: Դրա արդյունքների համաձայն, Գերմանիայի իշխող կոալիցիան դեռեւս երբեք այսքան ոչ ժողովրդական չէր եղել:
Եթե դաշնային ընտրությունները տեղի ունենային այժմ, կոալիցիայի մաս կազմող ՔԴՄ եւ ՔՍՄ (Քրիստոնյա-սոցիալական միություն) կուսակցություններն ընդամենը ձայների 30,5 տոկոսը կստանային:
Միաժամանակ «Գերմանիայի համար այլընտրանք» կուսակցությունը, որը հանդես է գալիս Մերկելի միգրացիոն քաղաքականության դեմ, աստիճանաբար ժողովրդականություն է ձեռք բերում. եթե նախկինում այն «մարգինալ կուսակցություն էր», այժմ իր համար 15 տոկոսանոց աջակցություն է ապահովում:
Մերկելի ժողովրդականությունը խիստ ընկել է այն բանից հետո, երբ նրա միգրացիոն քաղաքականության արդյունքում Մերձավոր Արեւելքից ավելի քան միլիոն փախստական եկավ Գերմանիա: Այս քաղաքականության դեմ են հանդես գալիս նաեւ Մերկելի որոշ կուսակից գործընկերներ, մասնավորապես` ՔՍՄ-ի առաջնորդ Հորսթ Զեեհոֆերը, որը սպառնացել է դատի տալ դաշնային կանցլերին:




























