Լոռու մարզի Շնող գյուղում այսօր՝ մայիսի 18-ի գիշերը, բնակելի տունը հրդեհել է տան բնակիչը, որն ունի հոգեկան շեղումներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շնողի գյուղապետ Հվիկ Սահակյանը: Հոգեկան շեղումներ ունեցող տղամարդը բնակվել է իր եղբոր հետ, որն այդ պահին իրենց խանութում աշխատելիս է եղել, տանը մենակ գտնվող հոգեկան շեղումներով տղամարդը հրդեհել է տունը:
«Մի եղբայր էլ ունի ու հայր, նրանք էլ Ռուսաստանում են, իրենց մայրը շուտ մահացել է: Դեռ չգիտենք, թե կոնկրետ ոնց է հրդեհել տունը, չենք կարողանում բռնել, վախից փախել է սար: Հիմա էլ որ նայում ենք սարի դոշին նստած է, ուղղակի չենք գնում էդ կողմ, որ չփախնի, իրեն վնաս չտա: Վախենում է ՝ բռնեն, տանեն հոգեբուժարան, տնից բան չի մնացել, մենակ պատերը, ինքը անմեղսունակ է, չի էլ հասկացել՝ ինչ է արել, դրա համար էլ վախեցած է, չի իջնում սարից»,-ասաց գյուղապետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 18-ին, ժամը 03.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Շնող գյուղի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.00-ին, մարվել՝ 08.02-ին: Տունն ամբողջությամբ (100 քմ) այրվել է (բացի ննջասենյակից՝ 30 քմ):





























