Սարգսյան- Ալեւ հանդիպումներն անհրաժեշտ են, բայց այդ խոսակցությունները պետք է լինեն հստակ ուրվագծված: Այսօր ` մայիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
«Միակ դրական երեւույթն այն է, որ հետաքննության մեխանիզմներ են տեղադրվելու շփման գծում, սա շատ կարեւոր երաշխիք է, սակայն բավարար չէ: Մյուս դրական քայլն այն էր, որ Սերժ Սարգսյանը խոստումներ չտվեց, վերջապես հասկացան, որ քաղաքականությունը մերկապարանոց հայտարարություն չէ»,- ասաց Անուշ Սեդրակյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը կարծում է, որ հասարակության եւ լրատվամիջոցների ակնկալիքներն իրականություն դարձան. հրադադարի պահպանման ռեժիմի վերահաստատում, հետաքննության մեխանիզմների ներդրում:
«Ինչպիսին կլինի հետագա զարգացումը, ցույց կտա ժամանակը: Կարծում եմ` առաջիկայում բանակցությունների վերսկսման փուլ կլինի»,- նշեց Արտակ Դավթյանը:
Ըստ պատգամավորի, Ադրբեջանն այդ տարիներին հզորացել է եւ իր սպառազինության աննախադեպ ծավալի առկայությամբ իր նպատակների մեկ տոկոսին էլ չի հասել. «Բանակն ապացուցեց, որ իր տեղում է եւ կարողանում է իր առջեւ դրված խնդիրը լուծել: Սակայն, եթե չունենայինք համապատասխան տնտեսություն ու քաղաքականություն, բանակն այդ հաջողությանը չէր հասնի»:
Միեւնույն ժամանակ Արտակ Դավթյանի կարծիքով, քառօրյա պատերազմում նաեւ թերությունները պարզվեցին:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Վիեննայում կայացել է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպում, որին մասնակցել են Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչները:





























