«Քաղցրաշենի ինքնահոսի ոռոգման ծրագրի» դեմ բողոքող գառնեցիներին ինչ-որ անձինք արդեն մի քանի օր է՝ սպառնում են: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գառնիի բնակիչ տիկին Արուսյակը՝ նշելով, որ այդպիսով փորձում են ճնշում բանեցնել իրենց իրավունքների համար պայքարող գյուղացիների դեմ:
Տիկին Արուսյակը պատմեց, որ մայիսի 15-ին Գառնիում գտնվող իր դեղատուն են մտել 3 հաղթանդամ տղամարդ եւ հետաքրքրվել են՝ ինչ արժեն դեղերը, այնուհետեւ խոսակցության թեման փոխելով՝ ասել են, որ «վատ է, որ քո տղան բանակում չի ծառայել»: Տիկին Արուսյակի խոսքով, ինքը սկզբից այդ տղամարդկանց չի ճանաչել, միայն ուշադիր նայելուց հետո է ճանաչել. նրանք եղել են մայիսի 12-ին իրենց գյուղ այցելած Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի եւ ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի հետ:
«Երեք սափրագլուխ, հաղթանդամ, մեծ փորերով տղամարդիկ էին: Մտան դեղատուն, հարցրին՝ ինչ արժե դեղը, գինն ասացի, պատասխանեցին՝ «էս խի ա քո մոտ սենց թանկ», հետո էլ ասացին հարկայինին են տեղեկացնելու, ասացի խնդիր չկա տեղեկացրեք: Տեսան չանցավ, կպան տղայիս՝ բա տղադ բանակում չի ծառայել, ես էլ ասացի հեչ չի երեւում, որ դուք ծառայել եք, տենց մեծ փորերով: Ես ուշադիր նայեցի, հիշեցի, որ մայիսի 12-ին պաշտոնյաների հետ մեր գյուղ եկած տղամարդկանցից են, հենց ասացի փախան: Դրանից հետո լսել եմ, որ էլի մեր գյուղացիներից մի քանի հոգու փորձել են ճնշել, բայց ոչ մի բանի չեն հասնելու, մենք մինչեւ վերջ պայքարելու ենք»,-ասաց նա:
Նշենք, որ մայիսի 12-ին, գառնեցիները կրկին փակել էին Գառնի-Երևան ճանապարհը: Այդ օրը Գառնի էին գնացել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը: Այդ ժամանակ գյուղացիները հավաքված են եղել Գառնիի մշակույթի տան մոտ, սակայն, պաշտոնյաները չեն զրուցել գյուղացիների հետ եւ մտել են մշակույթի տուն: Կարապետ Գուլոյանն ու Արամ Հարությունյանը ցանկացել են, որ մի քանի գյուղացի ներս մտնի՝ իրենց խնդիրը ներկայացնելու, սակայն, գյուղացիները հրաժարվել են՝ ասելով, թող գան եւ բոլորի մոտ իրենց ասելիքն ասեն: Որից հետո էլ փակել են ճանապարհը:
Նշենք, որ գառնեցիներն արդեն 2 տարի պայքարում են Կառավարության որոշումը չեղյալ համարելու համար, որով նախատեսվում է Ազատ գետի ջուրը Գառնիի հեթանոսական տաճարի տակից վերցնել խողովակներով տեղափոխել Արտաշատի 12 գյուղեր:





























